Դեպի վեր

12.11.2014


Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի հրավերով հոկտեմբերի 30-ին եռօրյա այցով Հայաստան էին ժամանել Ռուսաստանի Դաշնության, Գերմանիայի, Ուկրաինայի, Լատվիայի և Բելոռուսի Հանրապետության նոտարական պալատների ներկայացուցիչները:


 

Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի ուղեկցությամբ օտարերկրյա հինգ պետությունների նոտարները ՀՀ-ում գործող նոտարների հետ միասին հոկտեմբերի 31-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և մեկ րոպե լռությամբ հարգել 1915 թվականին Օսմանյան Կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:


Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության , Գերմանիայի, Ուկրաինայի, Լատվիայի և Բելոռուսի նոտարներն այնուհետև եղել են Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել փաստագրական նյութերին:


ՀՀ նոտարական պալատը, Արդարադատության նախարարության օժանդակությամբ և «Գերմանիայի միջազգային համագործակցության» ընկերության աջակցությամբ, նույն օրը կազմակերպել է միջազգային համաժողով, որին ներկա են եղել նաև ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և Նոտարիատի միջազգային միության եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Պիեռ Բեկեն:


Կոնֆերանսին քննարկվել են «Նոտարական պարտականությունների շրջանակը փաստաթղթավորման ընթացքում ընդհանրապես և շինարարական պայմանագրերում», «Անշարժ գույքի փոխանցման հետ կապված գործարքների հիմնախնդիրները», «Նոտարների կարգապահական պատասխանատվության հիմքերը և ընթացակարգերը», «Անշարժ գույքի փոխանցման հետ կապված գործարքների հիմնախնդիրներն Ուկրաինայում», ինչպես նաև «Էլեկտրոնային նոտարական համակարգի ներդրումը Հայաստանի Հանրապետությունում» թեմաները: Վերջինները ներկայացրել են համապատասխանաբար՝ Գերմանիայի ֆեդերալ նոտարական պալատի փոխնախագահ Ռիխարդ Բոքը, Լիտվայի նոտարական պալատի նախագահ Մարիուս Ստրաչկայտիսը/Բելոռուսի Հանրապետության նոտարական պալատի ներկայացուցիչ Իրինա Կորոլյովան, Ուկրաինայի նոտարական պալատի ներկայացուցիչ Նատալիա Բեդնովան և ՀՀ նոտարական պալատի վարչության անդամ Մարինե Մանուկյանը:


Զաքիյան 3 հասցեում հոկտեմբերի 31-ին հանդիսավոր կերպով բացվել է ՀՀ նոտարական պալատի նոր գրասենյակը, որի խորհրդանշական կարմիր ժապավենը կտրել են ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ու ՀՀ նոտարական պալատի նախագահ Հասմիկ Հարությունյանը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ՀՀ–ում գործող նոտարները, օտարերկյա հինգ պետությունների նոտարական պալատների ղեկավարներն ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ԱԺ պատվոգրով է պարգևատրել Կենտրոն նոտարական տարածքի նոտար Մարինե Մանուկյանին, ԱԺ նախագահի հուշանվերով՝ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Աիդա Աբրահամյանին և Աջափնյակ նոտարական տարածքի նոտար Ռոզա Առաքելյանին: ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգևատրվել Իջևանի նոտարական տարածքի նոտար Սանամ Հովսեփյանը, շնորհակալագրերով՝ Տաշիրի և Աջափնյակի նոտարական տարածքների նոտարներ Վաչիկ Թովմասյանն ու Կարինե Ադամյանը:


ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը շնորհակալություն է հայտնել Նոտարական պալատի ղեկավարությանը վերջին ամիսների քրտնաջան աշխատանքի համար և, որպես գնահատանք, պալատի նախագահ Հասմիկ Հարությունյանին պարգևատրել ՀՀ արդարադատության նախարարության «Ներսես Շնորհալի» հուշամեդալով՝ որպես հետագա ակտիվության ևս մեկ գրավական: