Դեպի վեր

25.03.2016


Նոտարական պալատի նախագահը հանդիպել է «Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների» դպրոցի ունկնդիրների հետ


 

   ՀՀ նոտարական պալատի նախագահ Վանինե Հովսեփյանը մարտի 25-ին ընդունել է Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոցի ունկնդիրներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Արաբկիր նոտարական տարածքի նոտար Վերա Աբաջյանը, Կենտրոն նոտարական տարածքի նոտար Աստղինե Սարգսյանը և Շենգավիթ նոտարական տարածքի նոտար  Անուշ Ղուշչյանը:

 

   Վանինե Հովսեփյանը կարևորել է նման ձևաչափով հանդիպումների անցկացումը և երիտասարդ իրավաբաններին ներկայացրել Նոտարական պալատի կառուցվածքը, Պալատի կանոնադրությամբ սահմանված գործառույթները, ինչպես նաև ուսանողների խնդրանքով անդրադարձել է նոտարի մասնագիտական սկզբունքներին ու նոտարական էթիկայի կանոններին:

 

   Նոտարական պալատի նախագահը, խոսելով Պալատի գործունեությունից, նշել է, որ այն իրականացվում է վարչության և երեք մշտական հանձնաժողովների` էթիկայի հանձնաժողովի, վերստուգիչ հանձնաժողովի և նոտարական միասնական պրակտիկայի ապահովման և ուսումնամեթոդական հարցերով հանձնաժողովի միջոցով:

 

   Դպրոցի ունկնդիրների հարցերը վերաբերել է նոտարական գրասենյակների աշխատանքներին, նոտարի պարտականություններին, նոտարական գրասենյակների գործառույթներին: Նրանց հետաքրքրել է նաև ժառանգության ընդունման կարգը, ժառանգության ընդունման ժամկետը բաց թողնելու դեպքերում նախատեսվող գործողությունները և այլն:

 

   Հանդիպման ավարտին ներկաները շնորհակալություն են հայտնել Նոտարական պալատի նախագահին ջերմ ընդունելության և իրենց հետաքրքրող հարցերին սպառիչ պատասխանելու համար: