Դեպի վեր

08.07.2016


Ղազախստանի Աստանա քաղաքում կայացել է ԵՏՄ անդամ երկրների նոտարների հերթական համատեղ ստաժավորումը


    2016 թվականի հունիսի 27-ից 30-ը Ղազախստանի Հանրապետության Աստանա քաղաքում Եվրասիական տնտեսական միության անդամ-երկրների նոտարական պալատների փոխադարձ համագործակցության վերաբերյալ համաձայնագրի շրջանակներում կայացել է անդամ-երկրների` Բելոռուսի, Ղազախստանի, Ռուսաստանի և Հայաստանի նոտարների համատեղ ստաժավորումը:

    Հայաստանից ստաժավորմանը մասնակցել են ՀՀ «Նաիրի» նոտարական տարածքի նոտար` Վահե Հովհաննիսյանը և ՀՀ «Մալաթիա» նոտարական տարածքի նոտար` Արմեն Գրիգորյանը:

    Ստաժավորման առաջին օրն անդամ-երկրների նոտարները մասնակցել են Ղազախստանի հանրապետական նոտարական պալատի կողմից կազմակերպված, կլոր սեղան ձևաչափով քննարկմանը` «Տեղեկատվական տեխնոլոգիաների դերն ու նշանակությունը նոտարական գործողություններում» թեմայով: Քննարկմանը մասնակցել են Ղազախստանի հանրապետական նոտարական պալատի նախագահ Ասեյլ Ժանաբիլովան, Ղազախստանի Հանրապետության Արդարադատության նախարարության և «Ազգային տեղեկատվական տեխնոլոգիաներ» ԲԸ ներկայացուցիչները: 

    Այցի երկրորդ օրը Ղազախստանի հանրապետական նոտարական պալատում կայացած հանդիպման ժամանակ պալատի նախագահ Ասեյլ Ժանաբիլովան մանրամասն ներկայացրել է Ղազախստանի նոտարական համակարգում ներդրված էլեկտրոնային համակարգը: Անդամ-երկրների նոտարները ներկայացրել են իրենց երկրներում առկա էլեկտրոնային համակարգերը, դրանց հնարավորությունները, տարբերությունները, ինչպես նաև քննարկվել են առկա խնդիրները, որոնք առաջանում են համակարգի կիրառման ժամանակ: Քննարկվել են նաև մասնակից երկրների օրենսդրություններում առաջիկա հնարավոր փոփոխությունները: Մասնավորապես՝ Ղազախստանի օրեսդրությունում նախատեսվում են փոփոխություններ, որոնց համաձայն անշարժ գույքի օտարման գործարքները կկատարվեն բացառապես նոտարական վավերացմամբ, ինչպես նաև նախատեսվում է ներդնել մեդիացիայի (հաշտեցման) ինստիտուտը: Անդամ-երկրներից Ղազախստանում, Ռուսաստանում և Բելոռուսիայում արդեն իսկ լայնորեն կիրառվում էր նոտարների կողմից կատարողական մակագրությունների կատարումը:

     Ստաժավորման երրորդը օրը անդամ-երկրների նոտարները այցելել են Ղազախստանի հանրապետական նոտարական պալատի մասնաճյուղ հանդիսացող Աստանա քաղաքի մասնավոր նոտարական արխիվ: Այցի շրջանակներում նոտարները ծանոթացել են նոտարական գործերը նոտարական արխիվ հանձնման և պահպանման կարգին, ինչպես նաև արխիվի պահպանման պայմաններին:

     Այցի շրջանակներում անդամ-երկրների նոտարները այցելել են նաև Աստանա քաղաքի նոտարական գրասենյակներ, տեղում ծանոթացել էլեկտրոնային համակարգով նոտարական գործողությունների կատարման պրակտիկային: Գործող նոտարները ցուցադրել են համակարգից օգտվելու եղանակը, դրա հնարավորությունները: Հանդիպումների ընթացքում նոտարները ներկայացրել են իրենց երկրներում առանձին նոտարական գործողությունների կատարման նոտարական պրակտիկան, ստացել իրենց հուզող հարցերի պատասխանները:

    Ղազախստանի հանրապետական նոտարական պալատի նախաձեռնությամբ անդամ-երկրների նոտարների համար կազմակերպվել են նաև մշակութային-ճանաչողական միջոցառումներ: Միջոցառումների շրջանակներում նոտարները այցելել են Աստանա քաղաքի տեսարժան վայրեր` Աստանայում գտնվող Ղազախստանի Ազգային թանգարան,  ինպես նաև «Աստանա-Բայտերեկ» հուշարձան և «ԱԼԺԻՐ»  թանգարան-հուշահամալիր: 

    Ստաժավորման ավարտին անդամ-երկրների մասնակիցները ամփոփել են Համաձայնագրի շրջանակներում կազմակերպված հերթական հանդիպման արդյունքները, ընդգծել դրա կարևորությունը: 

    ԵՏՄ անդամ երկրների նոտարների հերթական ստաժավորումը կկայանա Բելոռուսի Հանրապետությունում:

 

Նկարներ --»