Դեպի վեր

11.10.2016


ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԵՏՄ ԱՆԴԱՄ-ԵՐԿՐՆԵՐԻ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՍՏԱԺԱՎՈՐՈՒՄԸ


     Եվրասիական տնտեսական միության անդամ-երկրների նոտարական պալատների միջև 2014 թվականի հոկտեմբերի 23-ին Սանկտ-Պետերբուրգում ստորագրվել է Ռուսաստանի Դաշնության դաշնային նոտարական պալատի, Ղազախստանի Հանրապետության հանրապետական նոտարական պալատի, Բելառուսական նոտարական պալատի և Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի միջև փոխադարձ համագործակցության վերաբերյալ համաձայնագիր: Վերջինիս շրջանակներում Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի, Բելառուսական նոտարական պալատի, Ղազախստանի Հանրապետության հանրապետական նոտարական պալատի և Ռուսաստանի Դաշնության դաշնային նոտարական պալատի կողմից որոշում է կայացվել իրականացնել ԵՏՄ անդամ-երկրների նոտարների համատեղ ստաժավորման և փորձի փոխանակման ծրագիր:

2016 թվականի հոկտեմբերի 1-4-ը ԵՏՄ անդամ-երկրների նոտարների համատեղ ստաժավորումը և փորձի փոխանակումն անցկացվել է ք. Երևանում, որի շրջանակում պատվիրակներն այցելել են Երևան քաղաքի և մարզերի նոտարական գրասենյակներ:

     Հոկտեմբերի 3-ին ՀՀ նոտարական պալատում կազմակերպվել է կլոր-սեղան քննարկում, որի շրջանակում ներկայացվեցին ՀՀ նոտարական համակարգում առկա ձեռքբերումները, այն է՝ էլեկտրոնային նոտար համակարգի ներդրումը, նոտարների կողմից ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմին ուղղված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, միասնական տեղեկատվության ստացման վերաբերյալ դիմումների մուտքագրումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականների և միասնական տեղեկատվության տրամադրումը, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցումների իրականացումը, ՔԿԱԳ-ի և ՀՀ ոստիկանության հետախուզվողների բազաներին համակցումը և այլն: Յուրաքանչյուր երկիր ներկայացրեց նաև իր համակարգում առկա նորությունները, ներդրված էլեկտրոնային համակարգերը: Հանդիպման ընթացքում քննարկվել է ԵՏՄ անդամ-երկրների նոտարական պալատներին՝ միմյանց էլեկտրոնային նոտարական համակարգերին հասանելիության ընձեռնման հարցը, որի միջոցով ԵՏՄ անդամ-երկրների նոտարները կկարողանան ստանալ տեղեկատվություն ժառանգական գործերի և լիազորագրերի վերաբերյալ՝ դրանով իսկ նպաստելով նոտարական համակարգերի զարգացմանը, նոտարական ծառայությունների առավել արդյունավետ մատուցմանը և կեղծ լիազորագրերի շրջանառության սահմանափակմանը:

    Ծրագրով նախատեսվել էին նաև այլ միջոցառումներ, որոնց շրջանակներում պատվիրակները այցելել են մի շարք հուշահամալիրներ, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ, Մատենադարան և այլ մշակութային վայրեր:

    Բոլոր մասնակիցները համակարծիք էին, որ Եվրասիական տնտեսական միության անդամ-երկրների նոտարական պալատների միջև համագործակցությունը պետք է կրի շարունակական բնույթ, քանի որ փորձի փոխանակումն ունի կարևոր նշանակություն նոտարիատի ոլորտում իրականացված իրավական և տեխնոլոգիական բարեփոխումներին փոխադարձաբար ծանոթանալու, ինչպես նաև առավել արդյունավետ փորձը կիրառելու գործում:

Նկարներ..»