Դեպի վեր

31.07.2017


«Էլեկտրոնային նոտար» համակարգի արդիականացումը և քաղաքացիների համար դրա մատչելի դարձնելն կարևոր է թե' Հայաստանում, թե' Գերմանիայում


    Հուլիսի 1,2-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ ՀՀ նոտարական պալատի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) կողմից համատեղ կազմակերպված մասնագիտական փորձի փոխանակման նոտարական սեմինարը: Սեմինարն անցկացնում էր Գերմանիայի դաշնային նոտարական պալատի փոխնախագահ, Քոբլենցի նոտարական պալատի նախագահ Ռիխարդ Բոքը:

    Միջոցառման հիմնական նպատակը նոտարիատի զարգացման համար էական այնպիսի հարցերի քննարկումն էր, ինչպիսիք են նոտարական համակարգի արդիականացումը, քաղաքացիների համար դրանց մատչելիությունն ու առավել պարզեցումը: Այս համատեքստում Ռիխարդ Բոքը ներկայացրեց գերմանական նոտարիատի փորձը, մասնավորապես` հողի սեփականության իրավունքի և առևտրային ռեեստրների թվայնացումը, ինչպես նաև Դաշնային նոտարական պալատի նախաձեռնությամբ առաջիկայում ամբողջ Գերմանիայում ներդրվող նոտարական ակտերի էլեկտրոնային արխիվացման համակարգը: Հայկական կողմն իր հերթին ներկայացրեց Էլեկտրոնային նոտար համակարգը և դրա մաս կազմող www.e-notary.am կայքը, որի միջոցով հնարավոր է գործարքների տվյալներն ու փաստաթղթերն ուղարկել ցանկացած նոտարի առցանց տարբերակով, առցանց ռեժիմով հերթագրվել նոտարների մոտ, ունենալ «Անձնական գրասենյակ»` կատարված գործարքները դիտելու հնարավորությամբ, ինչպես նաև իրականացնել մի շարք այլ գործողություններ:       

     Սեմինարի ընթացքում քննարկվել է նաև այս պահին ոլորտում արդիական «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների համատեքստում իրականացված նորամուծությունները:

    Նշենք, որ սեմինարին մասնակցում էին ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչներ, ՀՀ նոտարներ՝ ՀՀ նոտարական պալատի նախագահ Վանինե Հովսեփյանի գլխավորությամբ, ինչպես նաև մասնակիցներ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունից:

     Միջոցառումն իրականացվում էր Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի ֆինանսավորմամբ և արդեն կրում է շարունակական բնույթ. նախորդն անցկացվել է Երևանում, 2016թ. հուլիս ամսին: Այսպիսի նախաձեռնությունները միտված են միջազգային փորձի փոխանակման արդյունքում Հայաստանում և Արցախում գործող նոտարների որակավորման բարձրացմանը: