Դեպի վեր

01.08.2018


Մոսկվա քաղաքում փորձի փոխանակում՝ ԵՏՄ անդամ-երկրների նոտարական պալատների միջև


Եվրասիական տնտեսական միության անդամ-երկրների նոտարական պալատների փոխադարձ համագործակցության վերաբերյալ համաձայնագրի հիման վրա նոտարների ստաժավորումը դարձել է փորձի փոխանակման արդյունավետ հարթակ:

2018 թվականի հուլիսի 26-ից 27-ը Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում կայացել է Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության նոտարական պալատների ներկայացուցիչների համատեղ ստաժավորումը:

Հայաստանից ստաժավորմանը մասնակցել են «Երևան» նոտարական տարածքի /նստավայր՝ Նոր-Նորք 1/ նոտար Գոռ Դիլոյանը և «Գեղարքունիքի մարզ» նոտարական տարածքի /նստավայր՝ քաղաք Վարդենիս/ նոտար Տիգրան Սարգսյանը:

Միջոցառման ընթացքում եվրասիական տնտեսական միության անդամ-երկրների նոտարները այցելել են Ռուսաստանի Դաշնության Դաշնային նոտարական պալատ, որտեղ մասնակցել են Դաշնային Նոտարական Պալատի կողմից կազմակերպված «կլոր սեղան» ձևաչափով քննարկմանը: Քննարկման շրջանակներում խոսքով հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության Դաշնային նոտարական պալատի նախագահի միջազգային հարցերով խորհրդական Ալեքսանդր Յանինը, իրավաբանական բաժնի պետ Անտոն Մակարովը և Մոսկվա քաղաքի նոտար Ելենա Օբրազցովան:

Հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են տարատեսակ հարցեր, որոնք վերաբերում էին նոտարիատի նորմատիվ իրավական կարգավորման գործընթացին, նոտարական համակարգում ինովացիոն և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ներդրմանը: Ներկայացվել են զեկույցներ, քննարկվել անշարժ գույքի հետ կապված գործարքների իրականացման կարգը, նոտարական գործավարության և արխիվացման կարգը: Ներկայացվել են Ռուսաստանի Դաշնության իրավական համակարգում նոտարիատի դերն ու կառուցվածքը, նոտարական գործունեության իրավական կարգավարումը:

Քննարկումների ընթացքում անդամ-երկրների նոտարները կարևորել են նման հանդիպումները տարբեր երկրների նոտարական պալատների ներկայացուցիչների միջև, ինչպես նաև ներկայացրել են իրենց երկրներում առկա փորձը, վեր են հանել ինչպես առկա խնդիրներն, այնպես էլ դրական փորձը:

Եվրասիական տնտեսական միության անդամ-երկրների նոտարները այցելել են Մոսկվա քաղաքում գտնվող նոտարական գրասենյակներից մեկը, ծանոթացել նոտարական գրասենյակներում աշխատանքների կազմակերպման, գործավարության իրականացման կարգին, էլեկտրոնային համակարգի միջոցով նոտարական գործողությունների կատարման պրակտիկային, Ռուսաստանի Դաշնության Դաշնային նոտարական պալատի ներկայացուցիչների կողմից ներկայացվել են համակարգից օգտվելու եղանակներն ու դրանց առավելությունները:

ՌԴ Դաշնային նոտարական պալատի կողմից կազմակերպվել են նաև մշակութային և այլ միջոցառումներ: Միջոցառումների շրջանակներում նոտարներն այցելել են Մոսկվա քաղաքի տեսարժան վայրեր, ծանոթացել  քաղաքի պատմությանը, ինպես նաև այցելել են ՌԴ Դաշնային նոտարական պալատի «Ինովացիոն և ինֆորմացիոն տեխնոլոգիաների կենտրոն» ֆոնդ, Մոսկվայի Կարմիր հրապարակ, կատարել Մոսկվա գետով նավային զբոսանք: