Դեպի վեր

01.09.2018


Աստանա քաղաքում փորձի փոխանակում՝ ԵՏՄ անդամ-երկրների նոտարական պալատների միջև


Եվրասիական տնտեսական միության անդամ-երկրների նոտարական պալատների փոխադարձ համագործակցության վերաբերյալ համաձայնագրի հիման վրա նոտարների ստաժավորումը դարձել է փորձի փոխանակման արդյունավետ հարթակ: 2018 թվականի օգոստոսի 22-ից 25-ը Ղազախստանի Հանրապետության Աստանա քաղաքում կայացել է Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության նոտարական պալատների ներկայացուցիչների համատեղ ստաժավորումը:

Հայաստանից ստաժավորմանը մասնակցել են «Գեղարքունիքի մարզ» նոտարական տարածքի /նստավայր՝ քաղաք Սևան/ նոտար Վարդուհի Սարոյանը և «Երևան» նոտարական տարածքի /նստավայր՝ Շենգավիթ 1/ նոտար Մանուշ Սահակյանը: 

Օգոստոսի 23-ին կատարվել է այց Աստանա քաղաքի նոտար Աժար Կարգանբեկովայի գրասենյակ։ Գրասենյակում նոտարը ներկայացրել է Ղազախստանի նոտարական համակարգը, գործարքների իրականացման կարգը, ինչպես նաև անդրադարձ է հակիրճ կատարվել էլեկտրոնային  նոտարական ծրագրի աշխատանքը։ Այնուհետև  մասնակիցներից յուրաքանչյուրը հակիրճ ներկայացրել է իր երկրի նոտարական համակարգի առանձնահատկությունները։

Մասնակիցները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել նոտարական գործունեության հայաստանյան կարգավորումների հարցում։ Բազմաթիվ հարցեր են հնչել, որոնք վերաբերում էին ինչպես մասնագիտական  գործունեությանը, այնպես էլ տեխնիկական խնդիրներին։ Բոլորին հատկապես հետաքրքրական էր ՀՀ նոտարների կողմից իրավաբանական փաստերի հաստատման գործընթացը, որը ՀՀ ներկայացուցիչները ներկայացրել են մասնակիցներին։

Ղազախստանի նոտարական պալատի ներկայացուցիչը մտադրություն հայտնեց կազմակերպել իրավաբանական փաստերի հաստատման հայաստանյան փորձի ուսումնասիրություն։ Տեխնիկական առանձնահատկություններից մասնակիցների առանձնահատուկ ուշադրությունն է գրավել և դրական են արձագանքել նոտարական գրասենյակների ցուցանակներին ներկայացված պահանջների մասին ենթաօրենսդրական մակարդակով կարգավորումը՝ գնահատվելով որպես առողջ մրցակցությանն ու նոտարների հավասարության ապահովմանն ուղղված միջոց։ 

Մասնակիցները օգոստոսի 24-ին այց են կատարել <<ԱԻՏ>> /Ազգային ինֆորմացիոն տեխնոլոգիաներ/  ընկերություն։ Ընկերությունը իրականացնում է Ղազախստանի էլեկտրոնային նոտար /enis/ համակարգի ապահովումը։ Ընկերության ծրագրավորողը ներկայացրել է էլեկտրոնային նոտար համակարգի աշխատանքը, որը որոշակի ընդհանրություններ ուներ Հայաստանի  էլեկտրոնային նոտար ծրագրի հետ։ 

Քննարկման ընթացքում, ի հպարտություն և ի զարմանս ՀՀ նոտարների, պարզ էր դարձել, որ տեղեկատվական տեխնոլոգիաների հարցում ևս Հայաստանի նոտարիատը  զգալի առաջընթաց է գրանցել՝ մասնակից մյուս երկրների համեմատ։